Փակուղային ընթացք. Նիկոլի Հայաստանը բազմավեկտորության մեջ պարտվեց

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաճույքից թպրտում է՝ կանխավայելելով անդամակցությունը Եվրամիությանը։ Բրյուսելյան արևից կուրացած իշխանությունները հրաժարվում են ընդունել, որ դա չի հարադրվում իրականությանը: Բայց Ռուսաստանում այդ թեման լրջորեն են դիտարկում: Հայաստանի բազմավեկտորության ճգնաժամը Մոսկվայում վերլուծում են ոչ թե ըստ զգացողությունների, ինչպես սիրում է ասել Նիկոլը, այլ՝ լուրջ գիտական հանրության ներգրավմամբ, փաստերը, վիճակագրությունն ու օրենսդրությունն ուսումնասիրելով:

Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտը ճիշտ ժամանակին Հայաստանի մասին վերլուծական զեկույց պատրաստեց: Տնտեսագետ-միջազգայնագետներն առաջին հերթին վերլուծել են Փաշինյանի իշխանության օրոք մեր երկրի անցած աշխարհաքաղաքական փոփոխությունների ուղին: Այստեղ հետաքրքիր է, թե ինչպես է Նիկոլը եվրասիական գործընկերների հետ համագործակցության բազմագիծ մայրուղուց շեղվել ու բռնել եվրաինտեգրման սայթաքուն ճանապարհը։

2019 թվականին նորանշանակ վարչապետ Փաշինյանը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ռուսաստանին գլխավոր ռազմավարական գործընկեր ու դաշնակից անվանեց։ Սակայն ընդամենը մի քանի տարի անց հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին սրընթաց վատթարանալ։ Երևանն ավելի ու ավելի է ընդհարվում նաև ՀԱՊԿ այլ երկրների հետ՝ խոսելով կազմակերպությանն անդամակցության «սառեցման» մասին։

44-օրյա պատերազմում կրած պարտությունը շոկի մեջ գցեց հայ հասարակությանը, ու այդ ֆունդամենտալ ձախողումը շտկելու համար Փաշինյանը հրապարակավ Ռուսաստանին մեղադրեց վատ դաշնակից լինելու մեջ։ Դա շատ ավելի է հեռացնրել մեր երկրները բարիդրացիական հարաբերություններից։

Թվում էր՝ մի ռազմավարական դաշնակցից հեռանալիս միանգամայն տրամաբանական է նախօրոք մյուսի աջակցությունը ստանալը: Շատերը կարող են կարծել, որ մեր երկիրը հենց նման օժանդակություն է ստանում Եվրամիությունից: Սակայն այնտեղ ամեն բան այդքան էլ լուսավոր չէ, ինչպես դա Նիկոլն է ներկայացնում: ՆԱՏՕ և ԵՄ անդամ 9 պետություն (Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Ռումինիա, Լեհաստան, Բուլղարիա, Սլովակիա, Չեխիա և Իտալիա) աջակցում է Բաքվի քաղաքականությանն ու Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր է ստորագրում: Փաշինյանն այդ մասին հրապարակավ չի խոսում, որպեսզի անամպ եվրաինտեգրման պատկերի վրա արյան բիծ չթողնի: Ստացվում է, որ միայն Ֆրանսիան, Հունաստանն ու Թուրքիայի կողմից մասամբ օկուպացված Կիպրոսն են աջակցում հայկական բանակի վերազինմանն ու քաղաքականապես պատրաստ են աջակցել Հայաստանին: Բայց ակնհայտ է, որ նոր ռազմական հակամարտության դեպքում ֆրանսիացիներն ու հույները մեզ համար կռվելու չե՛ն գնա։

Հայկական դիվանագիտության կուրսի կտրուկ փոփոխության հրձիգ հանդիսացավ հատուկ ռազմական գործողությունը: Ռազմաճակատում ՌԴ ՊՆ դժվարությունները կարճատեսորեն «Ռուսաստանի պարտություն» կարգած Փաշինյանը 2022 թվականի աշնանն, ըստ էության, հենց բազմավեկտորության սկզբունքից հրաժարվեց: Մեր երկիրը 180 աստիճանով շրջադարձ կատարեց դեպի ԵՄ ու ՆԱՏՕ՝ լինելով վստահ, որ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ գործընկերների կարծիքի հետ այլևս կարելի է հաշվի չնստել:

Բայց նման մոտեցումը ոչ միայն անհեռատես է, այլև՝ ինքնակործան: Թող Նիկոլն ու իր թիմը սրտի ուզածի չափ ապացուցեն, որ Հայաստանը կարող է օգտվել թե՛ ԵՄ-ից ու թե՛ ԵԱՏՄ-ից, բայց դա չի փոխի փաստը, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առևտրատնտեսական կապերի կարգավորման սկզբունքները պարզապես չե՛ն ենթադրում անդամ երկրների՝ այլ ինտեգրացիոն միավորումներ մտնելու հնարավորություն: Ու այստեղ մենք արդեն բախվում ենք մի իրողության, երբ եվրաինտեգրումը Հայաստանին առանց սուբսիդավորված էներգետիկայի և վառելիքի ու առաջին անհրաժեշտության մթերքների զեղչային գների կթողնի, որոնցով մեզ ապահովում է ԵԱՏՄ-ն։ Հավանաբար, Փաշինյանը հենց դրան է ձգտում՝ համառորեն արևմտամետ քաղաքականություն վարելով։

ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի համատեղելիության հնարավորությանը, կարծես, հավատում են միայն Նիկոլն ու նրա մերձավորները, ովքեր միմյանց բացառող երկու աթոռների վրա նստելու մասին իրենց պատմություններով մեր քթից բռնած մեզ ման են ածում։ Չէ՜ որ ոչ միայն ռուսական կողմը, այլև հենց արևմտյան գործընկերներն էլ մեր իշխանություններին ուղղակիորեն հակառակն են պնդում։ Այդպես՝ Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն վերջերս հայտարարեց.

«Մենք հստակ հայտնել ենք, որ լիովին աջակցում ենք Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրմանը։ Սակայն այս ճանապարհին կան որոշ խնդիրներ ու խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն: Օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում»:

Արտակ Սարգսյան, քաղաքագետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով