Գայթակղության Արևմուտքը. ԵԱՏՄ անդամակցության կորուստը Հայաստանին տնտեսական աղետով է սպառնում

Նիկոլ Փաշինյանը զգալիորեն առաջադիմել է Եվրամիությանն ինտեգրվելու և մեր պետությունը տնտեսական ստրկության մեջ ներքաշելու իր ձգտման մեջ: Նա և իր թիմը պնդում են, որ Հայաստանը կկարողանա ԵՄ լիիրավ անդամ դառնալ ու պահպանել իր մասնակցությունը ԵԱՏՄ նախագծերում։ Բայց դա անհնար է, ու այդ մասին ուղիղ խոսել են թե՛ Բրյուսելում, և թե՛ Մոսկվայում։

Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ռուս գիտնականներն իրենց վերլուծական զեկույցում մանրամասն անդրադարձ են կատարել, թե ինչի՛ հետ է դա կապված ու ի՛նչ ռիսկեր է պարունակում Երևանի համար: Մեր երկրի եվրաինտեգրումն այն տարբերակով, որն իրականացվում է Փաշինյանի կառավարության կողմից, հակասում է Ռուսաստանի շահերին՝ շոշափելով խնդիրների մի ամբողջ շարք, այդ թվում նաև իրավական։

Առնվազն՝ ՌԴ-ն չի կարողանա որակյալ ու օբյեկտիվ լուծել ԵՄ-ի հետ առևտրային վեճերը, իսկ ընդհանուր առմամբ Կրեմլին հետաքրքիր չեն Եվրոպայում առևտրի լիբերալ ռեժիմները: Դրանք քիչ օգուտ կբերեն նաև առանց ԵԱՏՄ-ի աջակցության մնացած Հայաստանին, չէ որ անդամակցության կորուստն անխուսափելի է գործող սցենարի դեպքում։ Եվրասիական տնտեսական միության գործընկերները մտադիր չեն արտոնություններից օգտվելու իրավունք տալ Փաշինյանին՝ ի շահ Եվրամիության հզորացման:

Նիկոլն ասես պոկեր խաղալու է նստել աշխարհի լավագույն թղթախաղացների հետ՝ հույս ունենալով բոլորին մոլորեցնել ու հաղթաթուղթ ճարել: Բայց ջոկերը նրա մոտ չէ: Միայն գազի արտահանման մաքսատուրքերի գծով արտոնությունների վերացումը կհանգեցնի ռուսական երկնագույն վառելիքի 20-30 տոկոսով թանկացման։

Գործող համաձայնագրով Հայաստանը ներկայումս գազը գնում է մեկ խորանարդ մետրը 165 դոլարով: Եվրոպայում նման գներ վաղուց չկան: Մենք պատրա՞ստ ենք եվրոպական նման իորղություններին: Իսկ գազի թանկացմանը շղթայաբար կհաջորդեն հարյուրավոր պարենային, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ծառայությունները: Չէ որ Հայաստանի համար պարտադիր կերպով կվերանայեն ոչ միայն սակագներն, այլև մաքսատուրքերը:

Հենց ռուսական շուկա է ուղղվում հայկական արտահանման զգալի մասը: ՌԴ-ին է բաժին հասնում ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, բալի, դեղձի, սալորի ավելի քան 95%-ը, պանրի ու կաթնաշոռի, ջրի ու ալկոհոլային խմիչքների արտահանման մինչև 87%-ը: Սպառման այլընտրանքային շուկաներ գտնելը, մեղմ ասած, դժվար կլինի։ Իսկ դա նշանակում է, որ մեր գործարարներն ու գյուղատնտեսները ստիպված կլինեն իրենց գտնել այլ ոլորտներում կամ լքել երկիրը։

Գուցե Փաշինյանը ԵԱՏՄ հետ կապերը խզում է, քանի որ նոր գործընկերների հետ պայմանավորվե՞լ ու շահավետ պայմանագրե՞ր է կնքել: Միանշանակ ո՛չ: Եվրոպայի հետ բոլոր համաձայնագրերը կրում են բացառապես քաղաքական, իսկ առավել հաճախ՝ պոպուլիստական բնույթ: Բայց դա, կրկնվեմ, Եվրասիական կապերը կորցնելու համար բավարար է: Մինչ տնտեսությունը այլընտրանք կփնտրի (առաջին հերթին ԵՄ երկրներում), կանցնի հինգ տարի, կամ՝ նույնիսկ ավելի: Ինչպե՞ս է Հայաստանն ապրելու այդ ժամանակահատվածում։ Արժե Նիկոլին այդ մասին հարցնել մի փոքր ավելի շուտ, քան նա մեզ անխուսափելի անդունդի եզրին կհասցնի:

Կարեն Առաքելյան, քաղաքագետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով