Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրությունը Սպահանի միջուկային օբյեկտում, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի միջուկային տեխնոլոգիաների ոլորտի համար նշանակալի ձեռքբերում է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրական գծի գործարկումը Սպահանի «Շահիդ Ռաիսի» միջուկային օբյեկտում (UCF): Գործարկման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, ինչպես նաեւ միջուկային արդյունաբերության բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Վերջերս ստեղծված IRF6 արտադրագիծը կօգտագործվի IR-191 իզոտոպը հարստացնելու եւ տրոհելու համար, որը կարեւոր բաղադրիչ է մի շարք բժշկական եւ արդյունաբերական կիրառություններում:
Առաջավոր արտադրական գծի գործարկմամբ Իրանը դարձավ սակավաթիվ երկրներից մեկը, որը կարող է արտադրել իրիդիումի հեքսաֆտորիդ (IRF6): Այս ձեռքբերումը ոչ միայն ուժեղացնում է երկրի ներքին հնարավորությունները, այլեւ դուռ է բացում այլ երկրներ հնարավոր արտահանման համար, գրել են իրանական լրատվամիջոցները։

