Պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանն արդեն հանդիպել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Ապա նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, ինչից հետո երկու ղեկավարները կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը ներառում է ոլորտների լայն շրջանակ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահների բանակցություններին կմասնակցեն նաև երկու երկրների ներկայացուցչական պատվիրակությունները, ապա նախագահները մամուլի ասուլիս կտան, հանդես կգան հայտարարություններով, կպատասխանեն հարցերի:
«Իրանը մեր կարևոր գործընկերն է, որի հետ զարգացնում ենք բազմաբնույթ համագործակցություն», — հայտարարել է Պեսկովը:
Համաձայնագիրը փոխարինելու է 2001-ին ստորագրված համագործակցության մասին փաստաթղթին, որի ժամկետը երեք անգամ երկարաձգվել է: Նոր փաստաթուղթը կնքվում է 20 տարով և ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները, այդ թվում՝ պաշտպանություն, հակաահաբեկչություն, էներգետիկա, ֆինանսներ, տրանսպորտ, արդյունաբերություն, գիտություն և տեխնոլոգիա:
Նախօրեին Մոսկվան հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս փաստաթղթի ստորագրմանը, Թեհրանն իր հերթին պարզաբանել է, որ այն չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում։ Այդուհանդերձ, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր պարզաբանել է, որ համաձայնագիրը ներառում է անվտանգության և պաշտպանության ոլորտները:
«Պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացումը նորություն չէ, և այդ հարաբերությունները գոյություն ունեն տասնամյակներ շարունակ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ, այլ ավելի շուտ համապատասխանում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը», — ասել է Ջալալին:
Դեսպանն ընդգծել է, որ նոր համաձայնագիրը նաև վերաբերում է երկու երկրների համագործակցության զարգացմանը, որոնք, ինչպես նախկինում, ապագայում ևս կզարգացնեն համագործակցության այս ասպեկտը՝ իրենց անվտանգությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար: Դեսպանը նաև ասել է, որ համաձայնագիրն ազդակ կլինի շատ երկրների համար նոր աշխարհակարգի ճանապարհին։
«Սա պատասխանատվության, դրական ակտիվության և Իրանի ու Ռուսաստանի միջև խաղաղության և բարեկամության ուղերձ է տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներին: Փաստացի, երկու երկրների միջև համագործակցության կարողությունը քաղաքական հարց է՝ աջակցելու միջազգային համագործակցության զարգացմանը դեպի նոր աշխարհակարգ», — նշել է իրանցի դիվանագետը:
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Իրանը մեծացրել է իր աջակցությունը Ռուսաստանին, ներառյալ ռազմական օգնությունը: Գործընկերության հիմնական պատճառները էներգառեսուրսներից երկու երկրների կախվածությունն է և Արևմուտքին համատեղ հակազդեցությունը։ Սակայն Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում սկսել են բարդություններ ծագել, հատկապես Սիրիայում իշխանափոխությունից հետո. Իրանը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ ապատեղեկատվություն տարածելու և Իրանին անհարմար վիճակի մեջ դնելու համար:
Իրանը նաև ներքին խնդիրներ ունի, ներառյալ տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի պակասը և աճող սոցիալական անկայունությունը: Բողոքի ակցիաները և էլեկտրաէներգիայի համատարած անջատումներն է՛լ ավելի են վատթարացնում իրավիճակը՝ փոխելով սոցիալական և քաղաքական տրամադրությունները: Արդյունքում, վերնախավը քննարկում է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը վերադառնալու և արտաքին քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտությունը։

