Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։
Նոր կարգավիճակում իր առաջին ժամերը նա սկսեց շատ բուռն, եթե ոչ սենսացիոն։ Այո, նա շատ բան էր ազդարարել դեռ մինչ երդմնակալությունը։ Բայց նրա ծրագրած քայլերի մի մասը կարող էր անիրականանալի թվալ կամ դիտարկվել իբրև քաղաքական շոուի տարր, ինչի հանդեպ ամերիկացիներն, ու մասնավորապես Թրամփը, թուլություն ունեն։
Ինչևէ, հանրապետականն իր կողմնակիցների սպասելիքները հաստատ արդարացրեց։ Սպիտակ տան նախորդ վարչակազմը գլուխ էր ջարդում, թե է՜լ ինչ նոր սեռ հորինի՝ ի լրումն եղած 145-ին: Բայց Դոննին եկավ ու հստակ հայտարարեց, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական:
2021 թվականին Կապիտոլիումի շենք ներխուժած Թրամփի կողմնակիցներին Բայդենի թիմը քիչ էր մնում՝ մեկ էլ որպես ահաբեկիչ ներկայացնեին։ Բայց նոր նախագահը եկավ ու արդարացրեց դատապարտված իր մեկուկես հազար համախոհներին։
Դեմոկրատներն ԱՄՆ-ի սահմանը վերածել էին բաց դարպասի յուրաքանչյուր ցանկացողի համար՝ առանց սեփական երկրի շահերը հաշվի առնելու։ Բայց եկավ հանրապետականն ու մի ակնթարթում այդ դարպասն ամուր փակեց:
Պայքարելով իր նախորդի ժառանգության դեմ՝ Թրամփը չեղյալ հայտարարեց Բայդենի 78 որոշում: Առայժմ տեղեկություններ են հրապարակվել միայն Կուբայի մասին. այն կրկին տեղ է գտել ահաբեկչություն հովանավորող երկրների ցանկում: Մնում է միայն գուշակել, թե նախորդ վարչակազմի էլ ի՜նչ փաստաթղթեր էր կարող չեղարկել Սպիտակ տան նոր տերը։
Եվ, թերևս, Թրամփի ամենակարևոր որոշումներից մեկը արտաքին քաղաքականության ոլորտում է։ Նա հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա պետություններին օգնության տրամադրումը 90 օրով դադարեցնելու մասին: Դա արվում է, որպեսզի գնահատվի ծրագրերի արդյունավետությունն ու դրանց համապատասխանությունն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Եվ ահա գլխավոր հարցը. ինչպե՞ս կանդրադառնան այս բոլոր նորամուծությունները Հայաստանի վրա: Արդեն իսկ միանգամայն պարզ է, որ մեր երկիրն ու ընդհյանուր առմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանը Թրամփի վարչակազմի առաջնահերթությունների շրջանակում չեն: Նա հստակ հայտարարեց, որ իր համար առաջին տեղում ԱՄՆ-ի ազգային շահն է, այլ ոչ թե Ամերիկայից հեռու գտնվող երկրներին աջակցությունը։
Ու թեև հայտնի չէ, թե ինչ որոշումներ կկայացվեն Հայաստանի վերաբերյալ 90-օրյա դադարից հետո, բայց միտումներն ակնառու են: Հայաստանի իշխանություններն անշրջահայեցաբար իրենց նետեցին ԱՄՆ գիրկը՝ իրենց ետևից այրելով գրեթե բոլոր կամուրջները, ուշադրություն չդարձնելով հնարավոր ռիսկերինլ: Այո, Բայդենի վարչակազմն ընդունեց ու գնահատեց մերոնց վճռականությունը: Բայց եկավ նոր նախագահն ու զրոյացրեց դեմոկրատների կառուցած ո՜ղջ արժեհամակարգը: Այժմ Հայաստանի ղեկավարությունը ստիպված կլինի զրոյից հարաբերություններ կառուցել հանրապետականների հետ։ Ու դեռ մեծ հարց է՝ արդյոք Թրամփի թիմը, որը լա՜վ է հիշում, թե ո՛վ և ե՛րբ է երես թեքել իրենից, ու ո՛վ է աջակցել իրեն, դա կցանկանա;
Ամենահետաքրքիրն այն է, որ այս իրավիճակը կարող է նորից կրկնվել, միայն թե՝ հակառակ հերթականությամբ, երբ չորս տարի անց կընտրվի ԱՄՆ նոր նախագահ, չի բացառվում՝ դեմոկրատ, ով կսկսի փշրել արդեն Թրամփի ստեղծած համակարգը:
Այս առումով միանգամայն բնական հարց է ծագում. ինչպե՞ս կառուցել հարաբերություններն ու ռազմավարական տեսանկյունից ի՛նչ կարելի է սպասել մի երկրի հետ հարաբերություններում, որտեղ արժեհամակարգն ու առաջնահերթությունները չորս տարին մեկ կարող են արմատապես փոխվել։
Արման Ղուկասյան, քաղաքագետ

