Կարծես թե բոլորն արդեն իրենց կարծիքն արտահայտել են ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայի վերաբերյալ։ Փաստաթղթում բազմաթիվ վիճելի կետեր կան։ Ես կցանկանայի անդրադառնալ դրանցից մեկին: Ամերիկայի հետ համագործակցության արդյունքում հիմնական խնդիրներից մեկը կարող է լինել էներգետիկ ինքնիշխանության կորուստը, Մեծամորի ատոմակայանից հրաժարումն ու մեր հողում փոքր մոդուլային կայանների վիճահարույց տեխնոլոգիաների փորձարկումը։
Հարկ է նշել, որ Բաքուն ու Անկարան երկար ժամանակ փորձում էին հասնել Մեծամորի ԱԷԿ-ի փակմանը։ Բայց դե Նիկոլ Փաշինյանին էներգետիկ նման աղետը չի վախեցնում. նա շարունակում է բարձրաձայնել Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի իղձերը։ Իս ամերիկացիներն, ըստ երևույթին, խոստացել են էլեկտրաէներգիայի արտադրությունը փոփոխել փոքր մոդուլային ռեակտորների հաշվին։ Միայն թե այդ նորարարական տեխնոլոգիաները մշակված չեն և դեռևս գոյություն ունեն բացառապես թղթի վրա։ Այսինքն, ըստ էության, Հայաստանի տարածքը ականապատվելու է ռադիոակտիվ ռումբերով։
Միջուկային արդյունաբերության մեջ գիտական հետազոտություններից մինչև գործնական փորձարկումներ ճանապարհը չափազանց երկար է և վտանգավոր: Սակայն ԱՄՆ-ն նախատեսում է Մեծամորի ԱԷԿ-ը փակել արդեն հաջորդ տարի, մինչդեռ «Ռոսատոմը» էներգաբլոկների շահագործումը երկարաձգել է մինչև 2036 թվականը: Ըստ ամենայնի՝ Փաշինյանին կայունությունը չի հուզում. հանուն ամերիկացի գործընկերների շահերի նա պատրաստ է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը արտադրող, արդյունավետ գործող ատոմային կայանը փոխարինել չուսումնասիրված մոդուլային ԱԷԿ-ների, արևային պանելների ու հողմակայանների այլընտրանքային էներգետիկայով: Ժամանակին Եվրամիությունն այդ ճանապարհն ընտրեց ու մինչ օրս չի կարողանում էներգետիկ ծուղակից դուրս գալ:
Այն տպավորությունն է, որ Նիկոլը պատրաստ է ամեն ինչի՝ միայն թե Ռուսաստանի մասին հիշատակումը վերանա Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարությունից: Բայց խնդիրն այն է, որ «Ռոսատոմը» կհեռանա՝ կենտրոնանալով Վիետնամում կամ Ինդոնեզիայում այլ նախագծերի վրա, իսկ այ օգտագործված միջուկային վառելիքը դեռ մեր երկրում կմնա, քանի որ այն կարող են տնօրինել միայն ռուս միջուկային մասնագետները: Նրանց հեռանալուց հետո Հայաստանն ուղղակիորեն կախված է լինելու փոփոխական էներգետիկ քամիներով Արևմուտքի բարեհաճությունից:
Եվ հարկ է նշել, որ Եվրոպան իսկապես «փոթորկվում է» «կանաչ» էներգետիկայի ոլորտում սեփական նորամուծությունների և փորձերի արդյունքում։ Օրինակ՝ Իսպանիայում ատոմակայանների փակման պատճառով արդեն բողոքի ակցիաներ են սկսվել, Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիան սարսափելի թանկացել է, իսկ Դանիայում հողմակայանները տեղական էներգետիկ ընկերությանը 1,69 միլիարդ դոլարի վնաս են հասցրել: Ըստ երևույթին, Փաշինյանը մեր երկրի համար նմանատիպ հետևանքներ է ցանկանում. որ էլեկտրաէներգիան ոսկուց թանկանա, իսկ դրա արտադրությունն ավելի վտանգավոր լինի, քան ականապատ դաշտով քայլելը։
Արման Ղուկասյան, քաղաքագետ

