Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից։
Հայաստանյան բջջային օպերատորները հեշտացնում են էլեկտրոնային ստորագրության ակտիվացումը։ Այդ մասին հատարարություն է տարածել imID ընկերությունը։
Ընկերությունից նշել են, որ Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի հետ համատեղ գործարկում են նորարարական eSIM Mobile ID-ի լուծման տարբերակը:
«Նպատակ ունենալով հեշտացնելու քաղաքացիների՝ առցանց նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործընթացը, առաջիկայում կգործարկվի eSIM Mobile ID-ն»,– ասված է հայտարարության մեջ։
Մինչ այդ Mobile ID-ն (բջջային տարբերակով էլեկտրոնային ստորագրությունը) հնարավոր էր ակտիվացնել` այցելելով ցանկացած օպերատորի սպասարկման գրասենյակներ և փոխելով ֆիզիկական SIM քարտը։
Ընկերությունից վստահեցնում են, որ այս ծառայությունը կհեշտացնի և անվտանգ կդարձնի առցանց նույնականացումը և էլեկտրոնային ստորագրությունների ստացումը:
Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով (էլեկտրոնային քարտ):
imID-ի խորհրդից նշում են, որ այս նորարարական լուծումը Team Telecom Armenia-ի, Ucom-ի, Viva-ի, ինչպես նաև 10 բանկերի միասնական ներդրումն է՝ նպատակ ունենալով Հայաստանը համապատասխանեցնել համաշխարհային թվային չափանիշներին:
Նշենք, որ էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է լինելու համընդհանուր հայտաարգիր լրացնելիս։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ պարտադիր հայտարարագրի լրացման վերջնաժամեկտը մայիսի 1–ից հետաձգվեց նոյեմբեր։

