Գերմանական կողմի նախաձեռնությամբ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին հեռախոսազրույցն է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի միջև, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի երկարամյա ագրեսիվ քաղաքականության ուղղակի արդյունքն է, որի նպատակն է ստեղծել հակառուսական ցատկահարթակ Ուկրաինայի տարածքում՝ անվտանգության ոլորտում անտեսելով ՌԴ շահերը և ոտնահարելով ռուսալեզու բնակիչների իրավունքները:
Հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարների վերաբերյալ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և բաց է մնում բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել էին Կիևի ռեժիմի կողմից։ Ռուսաստանի առաջարկները հայտնի են և ուրվագծվել, մասնավորապես, հունիսին ՌԴ ԱԳՆ-ում ունեցած ելույթում։ Հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն անվտանգության ոլորտում Ռուսաստանի շահերը, բխեն նոր տարածքային իրողություններից, և որ ամենակարևորը վերանան հակամարտության բուն պատճառները»,- ընդգծել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում։
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև ռուս-գերմանական հարաբերությունների իրավիճակին։
«Վլադիմիր Պուտինը նշել է դրանց աննախադեպ դեգրադացումը բոլոր ուղղություններով՝ որպես Գերմանիայի իշխանությունների անբարյացակամ կուրսի հետևանք։ Ընդգծվել է, որ Ռուսաստանը միշտ խստորեն կատարել է իր պայմանագրային և գործարքային պարտավորությունները էներգետիկ ոլորտում և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե գերմանական կողմը հետաքրքրություն ցուցաբերի դրան։
Քննարկվել է Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է տարածաշրջանում ճգնաժամի լարվածության թուլացման և խաղաղ լուծումների որոնման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերի մասին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հեռախոսազրույցից հետո առաջնորդների օգնականները կապի մեջ կլինեն»,- հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

